Վինիրներ, էսթեթիկ ստոմատոլոգիա

Մանրամասներ

Վինիրները ճենապակյա կամ կերամիկական պատյաններ են, որոնք փոխարինում են ատամների արտաքին շերտը: Դրանք թույլ են տալիս շտկել ատամի ձևը և գույնը, ինչպես նաև պաշտպանել ատամները (օրինակ՝ փողային գործիքներ նվագելիս): Արդյունքում վերականգնված ատամը ամրանում է և չի տարբերվում մնացածներից։ Վինիրները պատրաստվում են հաճախորդի ատամների ձևին, գույնին և նրա ցանկություններին համապատասխան։

Վինիրը 0,2 մմ և ավելի հաստությամբ պատյան է, որը սոսնձվում է ատամի առջևի՝ շրթունքային հատվածին և կատարում է էսթետիկ, վերականգնող, քողարկող, ֆոնետիկ և սննդային ֆունկցիաներ։ Կոմպոզիտային պատյանը bisgma օրգանական խեժ է, որը լցոնված է կերամիկական կամ ապակե միկրոմասնիկներով: Կերամիկական պատյանի օրինակ է լիթիում դիսիլիկատային ապակե կերամիկան:

Վինիրների արտադրության համար, ատամի էմալի շերտի ագրեսիվ հեռացում չի պահանջվում, որոշ դեպքերում (միկրոդենտիա կամ մաշվածություն) հնարավոր է վինիրներ պատրաստել առանց ատամի հյուսվածքների հեռացման։ Օպերատորի կողմից կլինիկայում օկլյուզալ և գնատոլոգիական սկզբունքների պահպանման և լաբորատորիայում ինժեներ-տեխնիկի կողմից բոլոր տեխնոլոգիական կանոնակարգերի պահպանման արդյունքում, վերականգնման տվյալ մեթոդը երկարաժամկետ կանխատեսումներ ունի և կարող է լայնորեն առաջարկվել օգտագործման համար:

Նյութեր և տեխնոլոգիա

Կան տարբեր տեսակի վինիրներ՝ կոմպոզիտային և կերամիկական։ Կոմպոզիտային վինիրները կարող են պատրաստվել ուղղակի (ստոմատոլոգի աթոռին մեկ այցելությամբ) և անուղղակի (ատամնատեխնիկական լաբորատորիայի մասնակցությամբ) եղանակներով։

Կերամիկական վինիրներ

Կերամիկական վինիրները պատրաստվում են կերամիկայի տարբեր տեսակներից։ Ամենից հաճախ դրա համար օգտագործվում են ճենապակյա և IPS Emax ապակե կերամիկաները, ավելի հազվադեպ՝ ցիրկոնիումի երկօքսիդի բլոկեր: Ճենապակյա վինիրները պատրաստվում են միայն լաբորատոր պայմաններում։ Սկզբում բժիշկը հեռացնում (տաշում) է ատամի վերին շերտը, այնուհետև ատամներից չափս է վերցնում, և ձևավորված մոդելը ուղարկվում է ատամնաբուժական լաբորատորիա, որտեղ երկու շաբաթվա ընթացքում հաճախորդի համար պատրաստվում է մշտական ​​կերամիկական վինիր։ Որպեսզի հաճախորդը չմնա տաշված ատամներով, վինիրներին ապասման ընթացքում, ատամի վրա ամրացվում է ժամանակավոր՝ պլաստիկ վինիր։ Ստորև ներկայացված են կերամիկական վինիրների հիմնական տեսակները:

Վինիրներ ֆելդսպար կերամիկայից (ճենապակուց)

Առաջին կերամիկական վինիրները սկսել են պատրաստել հենց ճենապակուց, քանի որ կերամիկայի այդ տեսակը թույլ է տալիս կատարելապես ընդօրինակել ատամի օպտիկական հատկությունները (էմալի երանգ և կիսաթափանցիկություն): Ճենապակյա վինիրներն ունեն շատ լավ էսթետիկ տեսք, որը նույնիսկ չի զիջում E.max ապակեկերամիկական վինիրներին: Ճենապակյա վինիրները պատրաստվում են երեք լաբորատոր եղանակով։ Առաջինը՝ ճենապակյա զանգվածի շերտ առ շերտ քսման եղանակն է, երբ ճենապակու յուրաքանչյուր շերտը քսելուց հետո ճենապակին թրծում են բարձր ջերմաստիճանի տակ հատուկ ջեռոցում։ Երկրորդը՝ բարձր ճնշման և ջերմաստիճանի պայմաններում ճենապակու սեղմման եղանակն է։ Երրորդ եղանակը, որ համեմատաբար վերջերս է հայտնվել, CEREC սարքերի վրա (CAD/ AM տեխնոլոգիա) ֆելդսպարի կերամիկական բլոկերի (օրինակ, Vita Mark 2 բլոկերի) մշակումն է:

Ճենապակու օգտագործման պարագայում նշված երեք եղանակներից լավագույն տարբերակը կլինի սեղմված կերամիկան, քանի որ նրանից պատրաստված վինիրները զգալիորեն ամուր են։ Վինիրների ամրությունը՝ շերտերով ճենապակին քսելու եղանակի պարագայում, կազմում է ընդամենը 50-75 ՄՊա։ Սեղմման եղանակը կամ CAD/CAM-ը կիրառելիս՝ ամրությունը կկազմի մոտ 150 ՄՊա: Վերջին ցուցանիշը միանգամայն բավարար է, եթե դուք ունեք ճիշտ կծվածք և չունեք վատ սովորություններ, բայց կերամիկայի հաջորդ տեսակը է՛լ ավելի դիմացկուն է:

IPS Emax ապակեկերամիկայից պատրաստված վինիրներ

  • IPS Emax ապակե-կերամիկան (արտադրող՝ Ivoclar Vivadent) բաղկացած է լիթիումի դիսիլիկատային բյուրեղներից, որոնք ունեն նույն թափանցիկության գործակիցը, ինչ իրական ատամի էմալը, ուստի այս նյութից պատրաստված վինիրները հնարավորինս նման են իրական ատամներին: Գոյություն ունի IPS Emax նյութի երկու տեսակ։ Նախ դա Emax PRESS նյութն է, որը նախատեսված է սեղմման եղանակով վինիրների պատրաստման համար։ Այս նյութից վինիրները ամենաամուրն են, նրանց ամրությունը կազմում է մոտ 400 ՄՊա, ինչը գրեթե ամբողջությամբ վերացնում է ճաքելու վտանգը: Հենց Emax PRESS-ից են պատրաստվում այսպես կոչված «բարակ վինիրները», որոնք ունեն ընդամենը 0,3-0,4 մմ հաստություն (ստանդարտ կերամիկական վինիրներն ունեն 0,6-1,0 մմ հաստություն)։
  • IPS Emax ապակեկերամիկայի երկրորդ տարբերակը E.max CAD նյութն է, որը թողարկվում է հատուկ բլոկերի տեսքով՝ CEREC տեսակի ծրագրային կառավարմամբ հաստոցով մշակման համար (CAD/CAM տեխնոլոգիա)։ Նման մեթոդ է կիրառվում կերամիկական վինիրների հաջորդ տեսակի՝ ցիրկոնիումի դիոքսիդից վինիրների պատրաստման համար։ Ի դեպ, E.max CAD նյութից պատրաստված վինիրների ամրությունը նույնպես շատ բարձր է՝ մոտ 360 ՄՊա, սակայն այս նյութից կարելի է պատրաստել 0,6 մմ-ից ոչ բարակ վինիրներ։

Վինիրներ ցիրկոնիումի երկօքսիդից

Նման վինիրները պատրաստվում են ցիրկոնիումի երկօքսիդի բլոկերից՝ դրանց մշակման եղանակով (CAD/CAM տեխնոլոգիա): Նման վինիրների ամրությունը խիստ կախված է ցիրկոնիումի երկօքսիդի բլոկերի տեսակից։ Եթե օգտագործվում են այսպես կոչված ցիրկոնիումի երկօքսիդի չմշակված փափուկ բլոկեր, ապա վինիրների ամրությունը կկազմի 900ՄՊա, բայց նման վինիրները կունենան վատ էսթետիկա, ինչը կապված է նյութի թափանցելիության բացակայության և կաթնագույն սպիտակ գույնի հետ։ Եթե վինիրների պատրաստման ընթացքում օգտագործվում են ցիրկոնիումի երկոքսիդի բլոկեր՝ իտրիումի հավելումով, վինիրները նման ցիրկոնիումից ստացվում են կիսաթափանցիկ և ունեն լավ էսթետիկա, սակայն նրանց ամրությունը կլինի ավելի քիչ (մոտ 500ՄՊա)։

Էսթետիկ առումով ցիրկոնե վինիրները զգալիորեն զիջում են ճենապակուց (ֆելդսպաթ կերամիկա) և IPS Emax-ից պատրաստված վինիրներին։ Կլինիկական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ IPS Emax ապակեկերամիկային էսթետիկ առումով ամենամոտն է Katana UTML (Ճապոնիա), որին հաջորդում են Katana STML (Ճապոնիա), BruxZir Anterior կամ Prettau Anterior (Գերմանիա):

Կոմպոզիտային վինիրներ

Կոմպոզիտային վինիր տեղադրելու համար բժիշկը հեռացնում է էմալի բարակ շերտ, այնուհետև ադգեզիվային համակարգերի միջոցով շերտավորում է պլոմբանյութը։ Նման վինիրները պատրաստվում են բերանի խոռոչում և ծառայում են 3-ից 5 տարի։ Ավելի հաճախ այս տիպի վինիրներ օգտագործվում են, եթե ցանկանում են բարելավել մեկ կամ երկու ատամ ընդհանուր շարքից։ Նման վինիրներ կարող են նաև պատրաստվել լաբորատոր եղանակով. ատամի չափսը վերցնելուց հետո ստացվում է մոդել, այնուհետև մոդելավորում են վինիրը և այն պոլիմերացնում հատուկ պոլիմերացման վառարաններում։ Կլինիկայում վինիրն ամրացվում է հեղուկային կոմպոզիտի վրա։ Այս եղանակի առավելությունը ուղիղ վինիրների համեմատությամբ կոմպոզիտի ավելի ամբողջական պոլիմերացումն է և, որպես հետևանք, դրա ամրության բարձրացումը:

Lumineers

Ծայրահեղ բարակ կերամիկական վինիրների արտադրության տեխնոլոգիա, որն արտոնագրված է Cerinate-ի (ԱՄՆ) կողմից, կոչվում է Lumineers: Այս տեսակի վինիրները արտադրվում են բացառապես Կալիֆորնիա նահանգում (ԱՄՆ) գտնվող Cerinate-ի լաբորատորիայում: Այս տեսակի վինիրների առավելությունները դասականների նկատմամբ հետևյալն են.

  • չներդրվող – կոշտ ատամնաբուժական հյուսվածքների հեռացում չի պահանջվում;
  • ավելի էսթետիկ տեսք՝ այսպես կոչված «հոլիվուդյան ժպիտի» ոճով;
  • տեղադրված վինիրները հեռացնելու և փոխարինելու հնարավորություն՝ առանց ատամների հյուսվածքները վնասելու։

Խորհուրդ չի տրվում օգտագործել «բծավոր» կամ բազմերանգ էմալի դեպքում, քանի որ Lumineers թափանցիկ են։

Ցանկանու՞մ եք տեղեկանալ գներից

Դուք կարող եք հենց հիմա ստանալ էքսպրես-խորհրդատվություն վինիրների հետ կապված WhatsApp-ով տեսազանգ կատարելու միջոցով։

WhatsApp

Պատկերասրահ «առաջ-հետո»