Պարոդոնտոզ, պարոդոնտիտ

Մանրամասներ

Պարոդոնտը հյուսվածքների կոմպլեքս է, որը շրջապատում է ատամը և ապահովում նրա ամրացումը ծնոտային ոսկորներում։ Այս կոմպլեքսը ներառում է լինդը, ատամի արմատը ոսկրային փոսիկի հետ կապող պարոդոնտալ կապանը, ալվեոլային ոսկրային հյուսվածքը և ատամի արմատի ցեմենտը։

Ստոմատոլոգիայի արդի խնդիրների շարքում պարոդոնտալ հիվանդությունները զբաղեցնում են առաջատար դիրքերից մեկը։ Ըստ ԱՀԿ-ի, պարոդոնտի ընդգծված դեստրուկտիվ փոփոխությունները՝ ոսկրային հյուսվածքի գործընթացի ներգրավմամբ, առավել հաճախ հայտնաբերվում են 35-ից 44 տարեկան մարդկանց մոտ՝ 65%-ից մինչև 98%, իսկ 13-19 տարեկանների մոտ՝ 55%-ից մինչև 95%: Պարոդոնտալ հիվանդությունները բացասաբար են անդրադառնում մարսողության, հոգե-հուզական ոլորտի վրա, նվազեցնում են օրգանիզմի դիմադրողականությունը վարակիչ և այլ գործոնների հանդեպ և հանգեցնում են օրգանիզմի զգայունության բարձրացմանը: Հիվանդներին անհանգստացնում է լնդերի բորբոքումը, արյունահոսությունը և հատկապես ռեցեսիան (լնդի մակարդակի անկումը), ինչը հանգեցնում է ատամների վզիկի երկարացմանը և՝ համապատասխանաբար էսթետիկ խանգարումների: Պարոդոնտի բոլոր հիվանդություններից 90-95%-ը բորբոքային է, օրինակ՝ գինգիվիտը և պարոդոնտիտը։

Գինգիվիտ, պարոդոնտիտ, պարոդոնտոզ

  • Գինգիվիտը բորբոքային պրոցես է լնդերի եզրային հյուսվածքներում, որի ընթացքում ախտահարվում են լնդերի միայն մակերեսային հյուսվածքները։
  • Պարոդոնտիտը բորբոքային պրոցես է, որի մեջ ներգրավված են պարոդոնտի բոլոր հատվածները։ Այն բնութագրվում է ատամնալնդային հանգույցի քայքայմամբ և ծնոտի ոսկորների ալվեոլային ելունդների դեստրուկցիայով։
  • Գինգիվիտը և պարոդոնտիտը 2 փոխկապակցված հիվանդություններ են, քանի որ բորբոքային պրոցեսը առաջանում է սկզբում լնդի հյուսվածքներում, այնուհետև դրա մեջ են ներգրավվում նաև պարոդոնտի հարակից հատտվածները․ ատամնալնդային հանգույցը և ալվեոլային ոսկորը:

Պարոդոնտոզի հիմքում է պարոդոնտի հյուսվածքների ատրոֆիկ-դիստրոֆիկ գործընթացը։ Հիվանդությունն ունի բավականին սուղ ախտանիշներ և դանդաղ ընթացք։ Դրա զարգացման պատճառը դեռևս բացահայտված չէ։

Ի՞նչն է հիվանդներին բերում բժշկի: Հիմնականում սա կոսմետիկ թերություն է, որն արտահայտվում է ատամների արմատների մերկացմամբ։ Պացիենտները բողոքում են, որ “լնդերը նստում են, իսկ ատամները՝ երկարում”։ Որոշ դեպքերում հիվանդներին անհանգստացնում է լնդերի քորը, ինչպես նաև բաց ատամնավզիկների ցավը:

Պարոդոնոզի էթիոտրոպային բուժում գոյություն չունի, քանի որ հիվանդության պատճառը պարզված չէ: Պարոդոնտոզի դեպքում իրականացվում է միայն սիմպտոմատիկ բուժում՝ ատամների գերզգայունության վերացում, լնդերի մերսում կամ ինքնամերսում՝ տրոֆիկ խանգարումները շտկելու նպատակով, այսպես կոչված սեպաձև արատների պլոմբավորում։ Երբեմն նշանակվում են վեստիբուլոպլաստիկ վիրահատություններ:

Ցանկանու՞մ եք իմանալ գները

Պարոդոնտոզի դեպքերը միշտ շատ անհատական ​​են, ուստի մոտավոր գինը պարզելու համար անհրաժեշտ է գրանցվել տեսազանգով խորհրդատվության՝ սեղմելով ներքևում գտնվող կոճակը։

Պատկերասրահ «առաջ-հետո»