Վինիրները ճենապակյա կամ կերամիկական պատյաններ են, որոնք փոխարինում են ատամի արտաքին շերտը: Դրանք թույլ են տալիս շտկել ատամի ձևը և գույնը, ինչպես նաև պաշտպանել ատամները (օրինակ՝ փողային գործիքներ նվագելիս): Արդյունքում վերականգնված ատամը ամրանում է և չի տարբերվում մնացածներից։ Վինիրները պատրաստվում են հաճախորդի ատամների ձևին, գույնին և նրա ցանկություններին համապատասխան։
Վինիրը 0,2 մմ և ավելի հաստություն ունեցող պատյան է, որը սոսնձվում է ատամի արտաքին հատվածին և կատարում էսթետիկ, վերականգնող, քողարկող, ֆոնետիկ և սննդային ֆունկցիաներ։ Կոմպոզիտային պատյանը bisgma օրգանական խեժ է, որը լցոնված է կերամիկական կամ ապակե միկրոմասնիկներով: Կերամիկական պատյանի օրինակ է լիթիում դիսիլիկատային ապակե կերամիկան:
Վինիրների պատրաստման համար ատամի էմալի շերտի ագրեսիվ պրեպարացիա չի պահանջվում։ Օրինակ, միկրոդենտիայի կամ մաշվածության դեպքում հնարավոր է վինիրներ պատրաստել առանց ատամի հյուսվածքների պրեպարացիայի։ Կլինիկայում օպերատորի կողմից օկլյուզիվ և գնատոլոգիական սկզբունքների և լաբորատորիայում ինժեներ-տեխնիկի կողմից տեխնոլոգիական բոլոր կանոնակարգերի պահպանման արդյունքում վերականգնման այս մեթոդը կարող է երկարաժամկետ հեռանկար և լայն կիրառման հեռանկար ունենալ:
Նյութեր և տեխնոլոգիաներ
Վինիրները լինում են տարբեր տեսակի՝ կոմպոզիտային և կերամիկական։ Կոմպոզիտային վինիրները պատրաստվում են ուղղակի (մեկ այցելությամբ՝ անպիջապես ատամնաբույժի բազկաթոռին) և անուղղակի (ատամնատեխնիկական լաբորատորիայում) միջոցով։
Կերամիկական վինիրներ
Կերամիկական վինիրները պատրաստվում են կերամիկայի տարբեր տեսակներից։ Ամենից հաճախ դրա համար օգտագործվում են ճենապակի և IPS Emax ապակե կերամիկա, ավելի հազվադեպ՝ ցիրկոնիումի երկօքսիդի բլոկներ: Կերամիկական վինիրները պատրաստվում են միայն լաբորատոր պայմաններում։ Սկզբում բժիշկը հեռացնում (տաշում) է ատամի վերին շերտը, այնուհետև վերցնում է ատամների դրոշմանկարը և ձևավորված մոդելն ուղարկում է ատամնատեխնիկական լաբորատորիա, որտեղ երկու շաբաթվա ընթացքում բուժառուի համար պատրաստում են մշտական կերամիկական վինիրներ։ Որպեսզի այդ ընթացքում բուժառուն տաշած ատամներով չմնա, նա․կրում է ժամանակավոր՝ պլաստմասայե վինիրներ։ Ստորև ներկայացված են կերամիկական վինիրների հիմնական տեսակները:
Ճենապակյա վինիրներ
Առաջին կերամիկական վինիրները պատրաստվել ճենապակուց, քանի որ կերամիկայի այդ տեսակը թույլ է տալիս կատարելապես նմանվել ատամի օպտիկական հատկություններին, այսինքն՝ էմալի երանգին և կիսաթափանցիկությանը: Ճենապակյա վինիրներն ունեն շատ լավ էսթետիկ տեսք, որը չի զիջում նույնիսկ E.max ապակեկերամիկական վինիրներին: Դրանք պատրաստվում են երեք լաբորատոր եղանակներով։ Առաջինը շերտ առ շերտ քսման մեթոդն է, երբ ճենապակու յուրաքանչյուր շերտը թրծում են բարձր ջերմաստիճանի ներքո հատուկ ջեռոցում։ Երկրորդը բարձր ճնշման և ջերմաստիճանի պայմաններում ճենապակու խտացման մեթոդն է։ Երրորդը, որ համեմատաբար վերջերս է հայտնվել, CEREC սարքերի վրա ճենապակյա կերամիկական բլոկների (օրինակ, “Vita Mark 2”) տաշումն է: Այդ տեխնոլոգիան կոչվում է CAD/ CAM։
Ճենապակու օգտագործման պարագայում նշված երեք մեթոդներից լավագույնը խտացված կերամիկան է, քանի որ դրանից պատրաստված վինիրները շատ ավելի ամուր են։ Շերտերով ճենապակին քսելու պարագայում վինիրների ամրությունը կազմում է ընդամենը 50-75 ՄՊա։ Խտացման եղանակը կամ CAD/CAM-ը կիրառելիս ամրությունը կազմում է մոտ 150 ՄՊա: Վերջին ցուցանիշը լիովին բավական է, եթե ունեք ճիշտ կծվածք և չունեք վատ սովորություններ, բայց կերամիկայի հաջորդ տեսակը է՛լ ավելի դիմացկուն է:
Վինիրներ IPS Emax ապակեկերամիկայից
- IPS Emax ապակեկերամիկան (արտադրող՝ Ivoclar Vivadent) բաղկացած է լիթիումի դիսիլիկատային բյուրեղներից, որոնք ունեն նույն թափանցիկության գործակիցը, ինչ իսկական ատամի էմալը, ուստի այս նյութից պատրաստված վինիրները հնարավորինս նման են իրական ատամներին: Գոյություն ունի IPS Emax նյութի երկու տեսակ։ Առաջինը Emax PRESS նյութն է, որը կիրառվում է խտացման եղանակով վինիրների պատրաստման համար։ Այս նյութից վինիրներն ամենաամուրն են՝ մոտ 400 ՄՊա, ինչը գրեթե ամբողջությամբ վերացնում է ջարդվելու վտանգը: Emax PRESS-ից են պատրաստվում այսպես կոչված «բարակ վինիրները», որոնք ունեն ընդամենը 0,3-0,4 մմ հաստություն (ստանդարտ կերամիկական վինիրներն ունեն 0,6-1,0 մմ հաստություն)։
- IPS Emax ապակեկերամիկայի երկրորդ տարբերակը E.max CAD նյութն է, որն արտադրվում է հատուկ բլոկների տեսքով՝ CEREC տեսակի ծրագրային կառավարմամբ հաստոցի վրա ֆրեզով մշակման համար (CAD/CAM տեխնոլոգիա)։ Մեթոդը կիրառվում է հաջորդ տեսակի՝ ցիրկոնիումի դիօքսիդից վինիրների պատրաստման համար։ Ի դեպ, E.max CAD նյութից պատրաստված վինիրների ամրությունը նույնպես շատ բարձր է՝ մոտ 360 ՄՊա, սակայն դրանից կարելի է պատրաստել 0,6 մմ-ից ոչ բարակ վինիրներ։
Վինիրներ ցիրկոնիումի երկօքսիդից
Այս վինիրները պատրաստվում են ցիրկոնիումի երկօքսիդի բլոկներից՝ ֆրեզով մշակման եղանակով (CAD/CAM տեխնոլոգիա): Նման վինիրների ամրությունը կախված է ցիրկոնիումի երկօքսիդի բլոկների տեսակից։ Եթե օգտագործվում են այսպես կոչված ցիրկոնիումի երկօքսիդի չմշակված փափուկ բլոկներ, ապա վինիրների ամրությունը կկազմի 900 ՄՊա, բայց նման վինիրների էսթետիկական տեսքն այ չէ։ Դա կապված է նյութի թափանցիկ չլինելու և կաթնագույնի հետ։ Եթե վինիրների պատրաստման համար օգտագործում են ցիրկոնիումի երկօքսիդի բլոկներ՝ իտրիում ավելացնելով, վինիրները դառնում են կիսաթափանցիկ և ստանում են գեղեցիկ տեսք, սակայն դրանց ամրությունը պակասում է մինչև 550 ՄՊա։
Էսթետիկական առումով ցիրկոնիումի վինիրները զգալիորեն զիջում են ճենապաե (ֆելդսպաթ կերամիկա) և IPS Emax-ից պատրաստված վինիրներին։ Կլինիկական հետազոտությունները ցույց են տվել, որ IPS Emax ապակեկերամիկային էսթետիկական առումով ամենամոտն է Katana UTML-ն (Ճապոնիա), որին հաջորդում են Katana STML-ը (Ճապոնիա), BruxZir Anterior-ը կամ Prettau Anterior-ը (Գերմանիա):
Կոմպոզիտային վինիրներ
Կոմպոզիտային վինիր տեղադրելու համար բժիշկը հեռացնում է ատամի էմալի բարակ շերտ, այնուհետև ադգեզիվ համակարգերի միջոցով շերտավորում է կոմպոզիտային պլոմբանյութը։ Նման վինիրները պատրաստվում են անմիջապես բերանի խոռոչում և ծառայում են 3-5 տարի։ Ավելի հաճախ այս տիպի վինիրներ օգտագործում են այն դեպքում, եթե ցանկանում են բարելավել մեկ կամ երկու ատամ ընդհանուր շարքից։ Նման վինիրներ կարող են պատրաստվել նաև լաբորատոր եղանակով. ատամի դրոշմանկարը ստանալուց հետո ստացվում է մոդել, ինչից հետո մոդելավորում են վինիրը և այն պոլիմերացնում հատուկ վառարաններում։ Կլինիկայում վինիրն ամրացնում են հեղուկ հոսքային կոմպոզիտի վրա։ Այս եղանակի առավելությունն ուղիղ վինիրների համեմատությամբ կոմպոզիտի ավելի ամբողջական պոլիմերացումն է և, հետևաբար, դրա ամրության ավելացումը:
Լյումինիրներ
Գերբարակ կերամիկական վինիրների արտադրության տեխնոլոգիան արտոնագրել է Cerinate-ը (ԱՄՆ)։ Այն կոչվում է Lumineers: Այս տեսակի վինիրներն արտադրվում են բացառապես Կալիֆորնիա նահանգում (ԱՄՆ) գտնվող Cerinate լաբորատորիայում: Այս վինիրների առավելությունը դասականների համեմատությամբ հետևյալն է.
- ոչ ինվազիվությունը – ատամի կոշտ հյուսվածքների հեռացում չի պահանջվում;
- բարձր էսթետիկական տեսք՝ այսպես կոչված «հոլիվուդյան ժպիտի» ոճ;
- տեղադրված վինիրները հեռացնելու և փոխարինելու հնարավորություն՝ առանց ատամների հյուսվածքները վնասելու։
Խորհուրդ չի տրվում օգտագործել բծավոր կամ բազմերանգ էմալի դեպքում, քանի որ լյումինիրները թափանցիկ են։


